Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը:
Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):
1941-ին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954-ին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982-ին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը՝ այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:
«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...»,- «Դիմակահանդես» բալետի վրա տարվող աշխատանքներից ստացած իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: